Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Փորձում են Եկեղեցին վերածել երկրում հաստատվող իշխանական կամայականության լեգիտիմացման գործիքի

Փորձում են Եկեղեցին վերածել երկրում հաստատվող իշխանական կամայականության լեգիտիմացման գործիքի
08.12.2025 | 14:36

Դրոշ-օրհներգ՝ եկեղեցում

Փաշինյանը պետք է վերջին մեկ տարվա իր բոլոր նախաձեռնությունների հանրային արձագանքից հասկանա մեկ բան: Հանրությունը այլևս մերժում է յուրաքանչյուր բան, նարատիվ, առանց խորանալու դրա լավ կամ վատ կողմերի մեջ, եթե դրա հեղինակն ու դա առաջարկողը Փաշինյանն է: Բարի գալուստ լեգիտիմության խորը դեֆիցիտի դառը իրականություն:

Նույնը տեղի է ունենալու վերջին՝ եկեղեցում դրոշ և օրհներգ երևույթի հետ: Այս առումով մեր հանրությանը պետք է օգնել, որ իշխանությունը առաջին հայացքից «անմեղ» առաջարկով չկարողանա կոծկել այն իրական մոտիվը, որն ունի: Այսպիսով, Փաշինյանի հայտարարությունը, թե «301 թվականին Հայ Առաքելական Եկեղեցին ստեղծվել է պետության կողմից», ակնհայտ փորձ է վերաձևելու պատմական իրականությունը այնպես, որ Եկեղեցին ներկայացվի ոչ թե որպես դարերի ընթացքում ձևավորված հոգևոր իշխանություն և ազգային ինքնության առանցք, այլ որպես պետական որոշմամբ ծնված կառույց։

Նա փայլուն գիտի, որ էդպես չէ, բայց անում է քաղտեխնոլոգիական վարժություն իրական նպատակներին հասնելու համար, որի իրական մոտիվն է հանրային գիտակցության մեջ Եկեղեցու ինստիտուցիոնալ ինքնավարությունը փոխարինել ենթակայության գաղափարով։ Երբ իշխանությունն ասում է՝ «պետությունն է ստեղծել», նա ենթադրում է՝ «պետությունն էլ իրավունք ունի ձևափոխելու»։ Այս իրավիճակում պատմական ճշմարտության աղավաղումն ընդամենը միջոց է՝ արդարացնելու և լեգիտիմացնելու պետական ներթափանցումը մի տարածք, որտեղ աշխարհիկ իշխանությունը չի ունեցել և չի կարող ունենալ ներքին կարգավորման լիազորություն։

Այս նույն տրամաբանության շարունակությունն է օրհներգի պարտադրումը եկեղեցական արարողակարգին։ Առաջարկը ներկայացվում է իբրև «պետականության բարձրացման» քայլ, սակայն իրականում գործում է որպես լոյալության պարտադրման տեխնիկա։ Պետական խորհրդանիշը մտցվում է պատարագի փոխարեն՝ ոչ թե հոգևոր կյանքի հարստացման, այլ վերահսկողության նոր մեխանիզմ որդեգրելու համար։ Երբ պետությունն առանց իրավական հիմքի և առանց եկեղեցական կանոնի սրբագրում է Եկեղեցու ծիսակարգը, դա ոչ թե սիմվոլիկ ժեստ է, այլ ինստիտուցիոնալ ներխուժում։ Այս քայլը փաստացի ստեղծում է հնազանդեցման քարտեզ, որով իշխանությունն ամրագրում է, թե ո՞ր թեմերն ու հոգևորականներն են ենթարկվում իրեն, և ովքեր են պահպանելու «ինքնավարության» իրենց իրավունքը։ Առաջինները ստանում են իշխանության «թույլտվությունը» գոյատևելու, երկրորդները պիտակավորվում են, ենթարկվում շանտաժի, ճնշման և, վերջապես, բանտարկման:

Պարզ է նաև, որ այս ամենը զուտ ներքաղաքական խաղ չէ։ Այն տեղավորվում է սահմանադրական վերաձևումների և «չորրորդ հանրապետության» ծրագրի ազգային-իմաստային շրջանակում, որտեղ առաջին հերթին պետք է թուլացվի այն ինստիտուտը, որն ունի պատմական ինքնություն, կազմակերպված համայնք և արժեքային դիմադրություն։ Եկեղեցին այս առումով ոչ միայն հոգևոր կենտրոն է, այլ նաև հանրային վերահսկողության, ազգային շարունակականության և պահպանողականության կարևորագույն օղակ։ Հենց այդ պատճառով այն հայտնվել է իշխանության համակարգային գրոհի թիրախում։ Իսկ երբ այս գործընթացը միավորում է նաև Ադրբեջանի բացահայտ պահանջը՝ Հայաստանի ազգային ինքնության հիմքերի վերաձևման վերաբերյալ, ապա ամբողջ պատկերը հստակ է դառնում՝ Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումը ոչ միայն ներքին իշխանական հաշվարկ է, այլև արտաքին ճնշման քաղաքական պահանջների ներքին կատարում։

Սրան զուգահեռ պետք է ընդգծել մեկ այլ հանգամանք. իշխանության լեգիտիմության ճգնաժամերի շրջանում սովորական պրակտիկա է դառնում պետական խորհրդանիշների քաղաքական շահարկումը։ Երբ քաղաքական բովանդակությունը հյուծված է, իշխանությունը սկսում է «միաձուլել» պետականությունն ու սեփական իշխանությունը՝ խորհրդանիշների միջոցով։ Օրհներգի և դրոշի պարտադրման «առաջարկը» հենց այս մեխանիզմի հերթական դրսևորումն է՝ որտեղ պետությունը ներկայացվում է ոչ թե որպես հանրային ինքնության հենասյուն, այլ որպես իշխանության անձնական վերահսկողության տարածք։ Իսկ Եկեղեցին, որը մնում է վերջին ինստիտուտներից մեկը, որը չի ենթարկվում գործադիր իշխանության քաղաքական դիզայնին, դառնում է պետական «պաշտոնավարման» մանիպուլյացիաների թիրախ։

Հիշեք՝ օրհներգի պարտադրումը ոչ մի կապ չունի ազգային ինքնագիտակցության խթանման հետ։ Այն իշխանության կողմից իրականացվող համակարգային ճնշման նոր մանիպուլյատիվ լեզու է, մի կողմից՝ պատմական հիշողությունը վերաշարադրելու, մյուս կողմից՝ Եկեղեցու ինքնավարությունը թուլացնելու և, վերջապես, սահմանադրական վերաձևումների ու արտաքին քաղաքական պարտադրանքների իրականացման ճանապարհին կանգնած միակ կայուն ինստիտուտը վերահսկողության տակ վերցնելու նպատակով։

P.S. Այս գործընթացի ամբողջականությունը ցույց է տալիս, որ «արարողակարգային» ձևակերպման տակ այստեղ թաքնված է Եկեղեցու քաղաքական-ինստիտուցիոնալ չեզոքացման ծրագիր, որը փորձում են ներկայացնել իբրև պետականության ամրապնդում՝ իրականում փորձելով Եկեղեցին վերածել երկրում հաստատվող իշխանական կամայականության լեգիտիմացման գործիքի։

Սա էլ չի ստացվելու:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 235

Մեկնաբանություններ